«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա սեպտեմբերին Երևանի «Նորք» հոգեբուժական կենտոնը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ միաձուլելու և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ստեղծելու որոշումից հետո այժմ էլ կառավարոթյունը պատրաստվում է կարճ ժամանակվա ընթացքում վաճառել ազատված տարածքը:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում: Հայտնի է նաև գնորդը:
Նախագծից տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկանում է ձեռք բերել սեփականության իրավունքով «Նորք հոգեբուժական կենտրոն»-ին պատկանող շուրջ 6 900 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը՝ շուրջ 2 800 հեկտար մակերեսով: Նպատակն է կառուցել բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն:
Կառավարությունն ընդառաջ է գնում այդ առաջարկին և թույլատրում գույքի օտարումը:
Գույքի գնահատված արժեքը շուրջ 870 միլիոն դրամ է, վաճառքի գինը՝ նույնպես: Ք. Երևան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող շենք-շինությունների ընդհանուր մակերեսը գրեթե 6 900 քառ. մետր է, իսկ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը մոտ 2 770 հեկտար է: Հողամասի կադաստրային արժեքն ավելի քան 456 միլիոն դրամ է:
Առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո գնորդից ակնկալվում են ներդրումներ: Նախագծում նշվում է, որ պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում «Հին Նորք» բիզնես կենտրոն ընկերությունը հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով պետք է իրականացնի 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում և ստեղծի 1 000 աշխատատեղ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: