Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով մերձավորարևելյան կարգավորման հետ կապված իրավիճակը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Թուրքիայի հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը»,-ասվում է հաղորդագրությունում։
«Երկու կողմերից էլ լուրջ անհանգստություն է արտահայտվել՝ կապված Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման և ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու պլանների հայտարարման հետ։ Նման քայլերը կարող են կործանել մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հեռանկարները»,-նշել են մամլո ծառայությունում։
Թուրքիայի առաջնորդը տեղեկացրել է ռուս գործընկերոջը դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Երուսաղեմի կարգավիճակի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի գումարման մասին։