ՀԱԿ-ի և իշխանությունների միջև տեղի ունեցող գործընթացները մշակութաբան Վարդան Ջալոյանը երկխոսություն չի համարում։
«Վախեցած պալատական երկրներում, ելնելով ներքաղաքական զարգացումներից, իշխանությունները գնում են որոշակի զիջումների։ Դա երկխոսություն համարելն անհնար է։ Իշխանություններն ինչ-որ բանից վախեցել են և որոշել են իրենց ապահովագրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վարդան Ջալոյանը։
Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը կանգնած են տարբեր գաղափարական դիրքերի վրա. առաջին նախագահն, ըստ Ջալոյանի, հայկական պետականության մոլեռանդ պաշտպան է, իսկ այսօրվա իշխանությունները, «Սփյուռքի նախարարության հիմնադրումով, հազար ու մի գլոբալիստական ծրագրերով, և ուրիշ հակապետական հայտարարություններով, ուզում են պետականությունը վերացնել և առաջին տեղ բերել «հայկական աշխարհ», «հայություն», և նմանատիպ գաղափարներ»։
Վարդան Ջալոյանի կարծիքով սրանք երկու գաղափարներ են, մոտեցումներ են, որոնք երբեք չեն համընկնի. «Երկխոսություն չի կարող լինել, որովհետև պետականության մասին սկզբունքային խնդիրների վերաբերյալ չկա համաձայնություն»։