Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը հայտարարել է, որ ընկերությունը տեղափոխվելու է նոր գրասենյակ, որը նույնպես գտնվելու է Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում: Այս մասին հաղորդում է Techcrunch կայքը:
Ջոբսի խոսքերով՝ շենքը նման է լինելու վայրէջք կատարած տիեզերանավի: Այն նախատեսված է լինելու միանգամից 12 հազար աշխատակցի համար: Այս պահին Apple-ի կամպուսը կարողանում է ներառել մոտ 2800 աշխատակից, մյուս աշխատակիցները գտնվում են վարձած այլ շինություններում:
Այս կամպուսը ներառելու է ոչ միայն գրասենյակներ և կոնֆերանսի դահլիճներ, այլ նաև ստորգետնյա ավտոկայանատեղի, սրճարաններ և ֆիթնես կենտրոններ: Նախատեսվում է, որ նոր գրասենյակը պատրաստ կլինի արդեն 2015 թ.-ին:
Փորձագետները հայտնում են, որ Apple-ի նոր գրասենյակը տեղակայված կլինի 40 հեկտար տարածքի վրա, իսկ նախագծի արժեքն է մոտավորապես 300 միլիոն դոլար: Տարածքը գնվել է անցած տարի Hewlett-packard ընկերությունից: