Հետաքննություն է սկսվել Թուրքիայի քաղաքացիների կողմից «ադրբեջանական օկուպացված տարածքներ» անօրինական այցի հետ կապված։ Այս մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Նախարարն ասել է, որ Թուրքիայի քաղաքացիները, ովքեր անօրինական այց են կատարել, ցուցմունք են տվել դատարանում։
Չավուշօղլուի խոսքով՝ ինքը ցավում է Թուրքիայի քաղաքացիների կողմից «ադրբեջանական օկուպացված տարածքներ կատարած այցի առնչությամբ»։
«Անօրինական այցն ադրբեջանական օկուպացված տարածքներ հանցագործություն է»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ թող բոլորն իմանան, որ ոչ ոք իրավունք չունի առանց Ադրբեջանի թույլտվության այց կատարելու ԼՂ։
Թուրքիայի քաղաքացիներ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն և Էրոլ Քաթիրչիօղլուն այցելել էին ԼՂ սեպտեմբերի 22-ին։ Դրա հետ կապված՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գործերով քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՔՕ 318.2 հոդվածով (Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում)։ Նրանց նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել։