Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարծում է, որ Իրանի և մի շարք պետությունների միջև հարաբերությունները ներկայում ավելի լավ են, քան անցյալում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ենք սկսել ԵՄ-ի հետ»,-ասել է Ռուհանին՝ հավելելով. «Ռուսաստանի և մեր հարևաններից մեծ մասի հետ հարաբերություններն ավելի լավ են, քան նախկինում»։
«Այսօր մենք բարելավված հարաբերություններ ունենք Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի և Կատարի հետ»,-հայտարարել է նախագահը՝ նշելով, որ Իրանին հաջողվել է կապեր հաստատել նաև տարածաշրջանի երկրների հետ։
Ռուհանիի խոսքով՝ Իրանի մոտ կարող են բարդություններ առաջ գալ որոշ պետությունների, այդ թվում Սաուդյան Արաբիայի հետ։ «Սաուդյան Արաբիան լարվածություն է փնտրում Իրանի հետ՝ քողարկելու պարտությունը տարածաշրջանում, ինչպես նաև ներքին խնդիրները»,-կարծում է Ռուհանին։