Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի խմբագիր Գեղամ Բաղդասարյանի կարծիքով՝ վտանգ կա, որ Հայաստան-ԵՄ շրջանակային փաստաթուղթը չի ստորագրվի։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև վերջին օրերի ռուսական լրատվամիջոցների՝ Հայաստանի դեմ ուղղված քարոզչությանը։ Մեր այն հարցին՝ եթե համաձայնագիրը որևէ կերպ չի հակասում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի առջև ստանձնած պարտավորություններին, ապա ինչո՞ւ ենք նման արձագանքներ լսում Ռուսաստանից, Բաղդասարյանն արձագանքեց. «Մինչև վերջերս կար հարաբերական անդորր այս ուղղությամբ, բայց վերջին օրերին այս ճակատում որոշակի լարվածություն եղավ։ Ռուսական որոշ լրատվամիջոցներ, մի քանի հանրային դեմքեր հանդես եկան բավականին ագրեսիվ հայտարարություններով։ Քաղաքական տեսանելի «եղանակը» կարծես թե հանգիստ է՝ ամպրոպ չկա, բայց մենք գիտենք, որ որոշ իրադարձություններ ծավալվում են ոչ օրը ցերեկով։ Լինում են նաև անդրկուլիսյան զարգացումներ։ Ըստ երևույթին, անդրկուլիսյան զարգացումները դեռևս շարունակվում են։ Մինչև վերջին պահը որոշակի գործընթացներ են ընթանում, այդ պատճառով ես միանշանակ լավատեսություն չունեմ, որ վաղը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի»։
Ըստ Բաղդասարայանի՝ եթե համաձայնագիրը չստորագրվի, դա ամենևին մեր ինքնիշխան որոշումը չի լինելու: «Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե չստորագրվի՝ դա մեր որոշումը չի լինելու։ Եվ այս ագրեսիվ կեցվածքի նպատակը հենց դա է։ Դժվար է խոսել անդրկուլիսյան գործընթացների մասին, տեղեկատվություն չկա։ Միայն մեր ենթադրություններն են. պայքարը դեռ շարունակվում է և ըստ երևույթին կշարունակվի մինչև վաղը լուսաբաց»,- ասաց նա։
Գեղամ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ռուսական քարոզչությունը Հայաստանում որևէ վտանգ չէր ներկայացնի, եթե այն չունենար մենաշնորհի կարգավիճակ. «Դրա լծակներն ու խողովակները պարզապես համադրելի չեն այլ ուժի լծակների հետ։ Յուրաքանչյուր երկիր քարոզում է իր արժեհամակարգը, բայց մենք՝ որպես քաղաքացի, կուզենայինք ունենալ տարբեր խողովակներ։ Այս մենաշնորհը հաճախ պաշտոնական Մոսկվան օգտագործում է ատելության խոսք տարածելու և սերմանելու համար»։
Ինչո՞ւ է ռուսական պրոպագանդան այդչափ մեծ ազդեցություն ունենում հայ հասարակության վրա, և ինչո՞ւ է ռուսական հեռուստաալիքով հաղորդված ինֆորմացիան այստեղ ընկալվում որպես բացարձակ ճշմարտություն՝ հարցին ի պատասխան Բաղդասարյանն արձագանքեց. «Կան մի քանի պատճառներ։ Առաջին և ամենակարևորը զուտ այն ժառանգականությունն է, որ մենք ստացել ենք։ Խորհրդային Միությունը փլուզվել է որպես պետություն, բայց չի փլուզվել մեր էության մեջ։ Այս ամենը խորհրդային ժառանգություն է, մեր հասարակության մեծ մասը խորհրդային մտածելակերպ ունի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: