ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղադրել է նախագահական մրցապայքարի իր նախկին մրցակից Դոնալդ Թրամփին ռուս ցանցահեններին կոմպրոմատի որոնման հրահրելու մեջ։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում։
Սկանդալի հիմք էր դարձել Քլինթոնի կողմից ծառայողական նամակագրության համար անձնական փոստային սերվերի կիրառման մասին պատմությունը։ Քլինթոնն անձնական փոստն օգտագործել էր այն ժամանակ, երբ գլխավորել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Թրամփը վարպետորեն օգտագործել է մրցակցի այդ սխալմունքը և բազմից հիշեցրել այդ մասին ընտրողներին նախընտրական արշավի ժամանակ։
«Կարծում եմ, որ թեկնածու Թրամփի կողմից հրահրված ռուսներն արել են հնարավոր ամեն բան՝ գտնելու ամենը, ինչը կարող էր սկզբունքորեն լինել այդ սերվերում»,-ասել է Քլինթոնը։
Նախկին պետքարտուղարը չի կասկածում, որ հենց Մոսկվան է կանգնած Դեմոկրատական կուսակցության սերվերների կոտրման հետևում, ինչն էլ վերջին հաշվով հաղթանակ է ապահովել հանրապետական թեկնածու Թրամփի համար։
«Հենց Ռուսաստանն է որոշել հարվածել մեր ժողովրդավարության սրտին՝ վերածելով գողացված նամակները տեղեկատվական զենքի և ներխուժելով ընտրողների գրանցման ու ընտրական համակարգեր։ Եթե մենք դրան լուրջ չվերաբերվենք, նրանք կշարունակենք նույնն անել։ Դա մշտական սպառնալիք է»,-ընդգծել է Քլինթոնը։