Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը համեմատել է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններն ամուսինների կյանքի հետ՝ մեկնաբանելով թուրքական իշխանությունների հայտարարությունը, ըստ որի՝ ձեռնարկատեր Ռեզա Զարաբի դեմ քրեական գործը քաղաքական դավադրություն է ընդդեմ Թուրքիայի։
«Վերջերս նրանք (Թուրքիա) մեզ մեղադրել են հեղաշրջման նման երևույթ հրահրելու մեջ։ Կասեմ՝ դա ծիծաղաշարժ է»,-նշել է ամերիկացի դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը մասնակից չի եղել Թուրքիայում 2016 թվականին տեղի ունեցած իրադարձություններին, երբ զինվորականները ձեռնարկել էին երկրում իշխանության զավթման փորձ։
«Մեր հարաբերություններն այս կամ այլ պետությունների հետ ժամանակ առ ժամանակ կարող են տատանվել, ինչպես ամուսնության մեջ. լինում են լավ օրեր, երբեմն պատահում են նաև վատ օրեր։ Երբեմն ինչ-որ մեկն ասում է ինչ-որ բան, ինչի համար այնուհետև զղջում է»,-նշել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը։ Նաուերթը նաև ընդգծել է, որ Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը։
Գործարար Ռեզա Զարաբին մեղադրում են Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները խախտելու մեջ։ Անկարայում այդ գործը համարում են քաղաքականապես մոտիվացված։