Ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետը։
«Ուկրաինան նոր իշխանության, նոր կառավարության հրատապ ստեղծման կարիք ունի։ Մենք պետք է միասին ստեղծենք այդ կառավարությունը։ Ես պատրաստ եմ Ձեզ հետ անելու դա»,-ասել է նա Ռադայի շենքի մոտ հանրահավաքի ժամանակ, փոխանցում է NewsONE հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ մի քանի կուսակցություններ ու հասարակական շարժումներ հոկտեմբերի 17-ին Ռադայի շենքի մոտ բողոքի ակցիա էին սկսել՝ պահանջելով ընդունել օրենքներ պատգամավորական անձեռնխելիության սահմանափակման, հակակառուպցիոն դատարանի ստեղծման և նոր ընտրական օրենսդրության ընդունման մասին։
Ընդդիմադիր ուժերի կողմնակիցներն առաջադրել էին ևս մեկ պահանջ՝ ընդունել օրենք նախագահի իմփիչմենթի վերաբերյալ։
Սաակաշվիլին նախազգուշացրել էր, որ Ռադայի մոտ հանրահավաքները կանցկացվեն ամեն կիրակի։ Գիշերը ակտիվիստներն անվադողեր էին այրել նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի շենքի մոտ։