Լիբանանի հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրին Լիբանանի նախագահ Միշել Աունին հայտնել է, որ չորեքշաբթի հայրենիք կվերադառնա Սաուդյան Արաբիայում երկար ժամանակ մնալուց հետո, ինչն ուղեկցվել էր շշուկներով, որ Հարիրիին թույլ չեն տալիս Լիբանան վերադառնալ, հայտնում է Լիբանանի կառավարությունը:
«Նախագահ Աունն այսօր առավոտյան հեռախոսազանգ է ստացել վարչապետ Հարիրիից, ով նրան տեղեկացրել է, որ ինքը Լիբանան կժամանի՝ մասնակցելու անկախության օրվա տոնակատարությանը»,- ասվում է կառավարության թվիթերյան էջում:
Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրին ավելի վաղ Փարիզ է ժամանել, որտեղ հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հիշեցնենք, որ Սաադ Հարիրին հայտարարել է հրաժարականի մասին նոյեմբերի 4-ին՝ Էր Ռիադ աշխատանքային այց կատարելու հաջորդ օրը: Իր որոշումը նա բացատրել է ներլիբանանյան գործերին Իրանի և «Հըզբոլլահի» միջամտությամբ: Բացի այդ, նա հայտարարել է, որ իր կյանքին մահացու վտանգ է սպառնում: