«Տաշիր գրուպ»-ի խնդիրն է, թե 1 մլրդ ներդրումը ինչ աղբյուրներից է արվում, դա մասնավոր ընկերություն է, նա է կառավարում իր ներդրումային պորտֆելը, ռիսկերը. իհարկե, լավ չէ, որ կառավարությունը որոշակի երաշխիքներ է տրամադրում, որոշակի գարանտ է կանգնում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք վարկային միջոցների հաշվին ներդրում անելը բեռ չի՞ դառնա հետագայում նաև մեր քաղաքացիների վրա՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։
Հիշեցնենք, որ խոսելով 1 մլրդ դոլարի ներդրման մասին՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հայտարարել էր. «Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ ՀԷՑ-ում ներդրումները կատարվելու են Համաշխարհային բանկի կառույցի և Ասիական զարգացման բանկի միջոցներով: Նույնը վերաբերում է Շնող ՀԷԿ-ին: Այնտեղ աշխատանքների մի մասը կատարվելու է ամերիկյան ընկերության ու Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին: Սա պետք է ուղղակի մանրամասն ներկայացվեր հանրությանը, որովհետև բոլորի սպասելիքները հաստատ ուրիշ են եղել»։
Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ՝ կարևոր է այն, որ միջոցները տրամադրվում են ոչ թե մասնավոր բանկերից, ընկերություններից, այլ Հայաստանի ինստիտուցիոնալ դոնորներից, և որ 10 տարվա ծրագիր է։
«Այն տարիների վրա բաշխվելու է, ուղղվելու է ցանցերի արդիականացմանը, որը, մեղմ ասած, վատ վիճակում է, մենք վճարում ենք այդ կորուստների համար, գերնորմատիվային կորուստներ են, հաշվիչներն են վնասված, ենթակայանները, մալուխները, ամբողջ համակարգն է 50-60 տարվա հնության։ Որ այնտեղ պետք են ներդրումներ՝ որևէ մեկը չի կասկածում: Ինչ վերաբերում է նրան, որ այստեղ լրացուցիչ պարզաբանումների կարիք կա, այո՛, ես էլ եմ այդպես կարծում. ինչո՞ւ, որովհետև սա մենաշնորհ հանդիսացող ոլորտ է, և բոլորիս շահերին է առնչվում այն ամենը, ինչ կատարվում է ՀԷՑ-ում և դրա շուրջ՝ լինի ֆինանսական հոսքերի, արդիականացման, ներդրումային ծրագրերի վերաբերյալ»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: