Նոյեմբերի 16-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` Սուրեն Մնոյանի նախագահությամբ, «Կոշ» քրեակատարողական հիմնարկում սկսեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքի քննարկումն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վիճարկում է Տիգրան Նավասարդյանի` այս տարվա մայիսի 25-ին կայացրած որոշումը, ըստ որի՝ 2009-ի հունիսի 19-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված համաներման ակտի կիրառմամբ, Փաշինյանի ազատազրկման վերջնաժամկետ էր սահմանվել 3 տարի 10 ամիս 29 օր, մինչդեռ գլխավոր խմբագրի պաշտպանները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճռի 7 տարվա ազատազրկման ժամկետը պետք է կիսվեր` վերջնաժամկետ սահմանելով 3 տարի 6 ամիս: Դատարանն այժմ պետք է որոշի` փոխե՞լ այդ որոշումը, թե՞ ոչ: Առաջին դատական նիստում հայցն է ներկայացվել, ինչպես նաև դրա դեմ բերված առարկությունները: Հաջորդ նիստը կլինի նոյեմբերի 19-ին, ժամը 12.00-ին։