«Ռուսներն ասում են՝ «Пока гром не грянет, мужик не перекрестится»: Մինչև չհասավ ժողովրդագրական պրոբլեմը արտագաղթի և աշխատունակ ու առողջ, ծառայող բնակչության նվազումը այն կրիտիկական կետին, որ արդեն մարդ չկա ո՛չ սահմանը պահող, ո՛չ էլ ներսում աշխատող, ժողովրդագրական պրոբլեմները խնդիր չէին»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 8-ին ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցությանը: Հայաստանում, նրա խոսքերով, պետք է արդարություն և հավասարություն. «Սա պատերազմող երկիր է, և ժողովրդագրական բալանսը կփոխվի միայն այն պարագայում, եթե նույնիսկ որոշակի դժվարություններով, բայց բնակչությունը հավասար հիմունքների վրա լինի»,- ասաց հրապարակախոսը:
Անդրադառնալով արտագաղթի պատճառներին՝ քաղաքագետը նշեց, որ պատերազմից խուսափելը չի տանում մարդկանց սահմանից դուրս, մարդիկ գնում են ոչ թե ավելի լավ կյանք փնտրելու, այլ պարզապես ապրելու հնարավորություն ձեռք բերելու:
Անդրադառնալով այս օրերին ուսանողների՝ տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարին, Անուշ Սեդրակյանը նշեց, որ այս ամենը շատ կարևոր գործոն է առաջ քաշել, անմիջապես ջրի երես են դուրս եկել պաշտոնյաները, ովքեր չեն ծառայել բանակում. «Հարց է առաջանում՝ ինչպես է լինելու, որ եկող սերունդը պարտավոր է ծառայել առանց խտրականության, բայց մարդկային անարդարության օրենքը շարունակվելու է տարածվել այդ սերունդների վրա: Իսրայելական տենդենցը ձևավորվեց՝ իսկ դու ծառայե՞լ ես բանակում, և արդյունքում՝ բոլոր այն մարդիկ, ովքեր դրա վրա հաց են սարքում և պաշտոն, իրենք չեն ծառայում: Սա երկակի ստանդարտի բացարձակ օրինակ է»,- հավելեց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: