Վրաստանի նոր Սահմանադրությունը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից հոկտեմբերին, նախատեսում է լիբերալ մոտեցում վրացական քաղաքացիությանը, հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է «Գռուզիա Օնլայնը»։
«Այլ երկրի քաղաքացիություն ստանալը չի նշանակում վրացական քաղաքացիության ավտոմատ կորուստ, ինչպես ամրագրված էր Սահմանադրության նախկին խմբագրման մեջ»,-լրագրողներին հայտնել է Կոբախիձեն։
Նա նշել է, որ այդ դրույթը մեծ նշանակություն ունի այլ երկրներում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար։
Նախկին Սահմանադրության հիման վրա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2015 թվականի դեկտեմբերին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն։ Նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ստիպված է եղել 2012 թվականին հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից՝ վրացական անձնագիր ստանալու համար։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ մոտ 30 հազար քաղաքացիներ ստացել են այլ երկրների քաղաքացիություն, սակայն այդ մասին չեն հայտնել երկրի իշխանություններին։
Վրաստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի 2018 թվականի վերջին՝ հերթական նախագահական ընտրություններից հետո։