Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ի հարցով օրենսդրական ուղղում է նախապատրաստում։ Փաստաթղթում կնշվի ԵՄ-ից թագավորության դուրս գալու հստակ ժամանակը։
Հանրաքվեն անցկացվել է Մեծ Բրիտանիայում 2016 թվականի հունիսի 23-ին։ Բրիտանացիների մեծ մասը (51,89%) կողմ է արտահայտվել ԵՄ կազմից թագավորության դուրս գալուն, որը պետք է կայանա Brexit-ի գործարկումից հետո 2 տարի անց։
Օրինագծում չէր նշվել ԵՄ-ից դուրս գալու հստակ ժամանակը, ինչին ուշադրություն են դարձրել հանրության և խորհրդարանի ներկայացուցիչները, փոխանցում է RIA Novosti-ն։
Բրիտանական կառավարությունը, թյուրիմացություններից խուսափելու համար, որոշել է հստակեցնել օրինագիծը։ Փաստաթղթում կներառեն ամսաթիվ՝ հստակ ժամանակային նշումով՝ 23.00 GMT կամ Բրյուսելի ժամանակով 00.00։