Իրանական Studio Hiva ընկերությունը ներկայացրել է առցանց-խաղ, որի հերոսը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այն պատրաստվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ճգնաժամի սկզբի տարելիցի առթիվ, հայտնում է Fars գործակալությունը:
Նշվում է, որ խաղի սյուժեի համաձայն՝ «Թրամփը բախվում է երկու սիրելի բաների՝ փողի և հրթիռների, և վերջիվերջո դրանցից մեկը սպանում է նրան»:
Խաղացողի առաջադրանքն է՝ թույլ չտալ, որ ընկնեն փողի, «Հյուսիսային Կորեա» գրառումով հրթիռների և «ԶԼՄ-ներ» գրությամբ սև գնդակների տուփերը:
Խաղից բացի՝ ընկերությունը ստեղծել է ԱՄՆ նախագահի մասին մուլտսերիալի 100 մաս: Սերիալը հեռարձակում են իրանական Press TV ալիքով: Սերիաները հասանելի են նաև սոցցանցերում և YouTube-ում:
Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումը տեղի է ունեցել 1979 թ. նոյեմբերի 4-ին: Այդ ժամանակ ուսանողական միությունները շենքը կրակով վերցրել են՝ այն անվանելով «լրտեսության և Իրանի դեմ դավադրությունների բույն»: Գերի է վերցվել, տարբեր տվյալներով, 66-90 մարդ: Նրանց մեծ մասը բաց է թողնվել միայն 1981 թ.: