«Թուրքմենգազի» նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միրատ Արչաևն Աշխաբադում անցկացվող «Թուրքմենստանի նավթն ու գազը-2017» համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Թուրքմենստանը պատրաստ է գազ մատակարարել ԱՊՀ-ի և Արևելյան Եվրոպայի երկրներ «Միջին Ասիա-Կենտրոն» գազատարով։ Նրա խոսքով՝ հյուսիսային ուղղությամբ առկա է գործող գազատարների համակարգ։
«Գնորդների և տարանցիկ երկրների հետ փոխընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում, այդ գազատարը պոտենցիալ կերպով կարող է գործի դրվել Թուրքմենստանից ԱՊՀ-ի և Արևելյան Եվրոպայի երկրներ բնական գազի մատակարարումների իրականացման համար»,-նրա խոսքերն է մեջբերում Interfax-ը։
Արչաևը նշել է, որ հարավային ուղղությամբ ևս 2 գործող գազատարներով բնական գազը կարող է մատակարարվել նաև Իրանի հյուսիսային շրջանների սպառողներին։ Նրա խոսքով՝ տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացիան կնպաստի գլոբալ էներգետիկ անվտանգության կայուն ճարտարապետության ստեղծմանը։