Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները հյուրընկալել են Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգին, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ:
Ինչպես հայտնում են Արցախի Աժ-ից, Գերմանացի պատգամավորը հետաքրքրվել է Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի դասավորվածության եւ գաղափարական ուղղվածության մասին, ինչպես նաեւ որոշակի տեղեկատվություն հաղորդել Գերմանիայում իր կուսակցության ունեցած քաղաքական դերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունները, մասնավորապես՝ անդրադարձել Եվրոպայում տեղի ունեցող ինքնորոշման գործընթացներին: Մտքեր են փոխանակվել նաեւ Գերմանիայում Արցախի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տարածման վերաբերյալ: