Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանն ընդգծել են տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ կարգավորման կարևորությունը: Այս մասին ասվում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների գագաթնաժողովի արդյունքներվ ընդունված համատեղ հայտարարության մեջ, որն այսօր տարածել է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Կողմերն ընդունում են, որ չկարգավորված հակամարտությունները տարածաշրջանում էական խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար, և դրա հետ կապված՝ ընդգծում են միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի և դրանց համապաստախան ընդունված որոշումների և փաստաթղթերի հիման վրա բանակցությունների ճանապարհով դրանց շուտափույթ խաղաղ կարգավորման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Կողմերը նաև վճռականություն են արտահայտել հակազդելու ահաբեկչությանը, ծայրահեղականությանը և անդրազգային կազմակերպված հանցավորությանը: Նրանք համաշխարհային հանրությանը կոչ են արել, ջանքերը միավորել այդ մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարի համար, նշված է հայտարարության մեջ: