«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:
– Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստը: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, ասել է. «Ի սկզբանե կուզեի հստակեցնել, որ Հայաստանի հետ համաձայնագիրը կստորագրվի։ Սրա վերաբերյալ կասկած չկա, և ես կարծում եմ, որ վստահաբար դա տեղի կունենա գագաթնաժողովի ընթացքում կամ դրա շրջակայքում։ Սա պարզ է, և դրա վերաբերյալ որևէ կասկած չկա»: Ըստ Ձեզ՝ նոյեմբերին կունենա՞նք այդ փաստաթուղթը, թե՞ կլինի կրեմլյան միջամտություն:
– Համաձայնագրի երկարաշունչ տեքստը փորձագիտական մակարդակով ուսումնասիրել և քննարկման են ներկայացրել Պահպանողական կուսակցության համապատասխան պրոֆեսիոնալները: Մեր ընդհանուր կարծիքով՝ հաջողված և այս անգամ իրատեսական տեքստ է: Ամենայն հավանականությամբ՝ այն կստորագրվի:
– Նշվում է, որ հիմա գնդակը Եվրամիության դաշտում է, և ամբողջ պատասխանատվությունը դնում են ԵՄ-ի վրա։ Նաև իշխանությունը հայտարարում է, որ 2013-ին նույնպես իրենք պատրաստ էին ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, այդ ԵՄ-ն էր, որ հրաժարվեց ստորագրումից։ Արդյոք գնդակը ԵՄ դաշտո՞ւմ է և այն ժամանակ է՞լ էր ԵՄ դաշտում:
– Ցավոք, Հայաստանը դաշտ չունի, կամ այն շատ նեղ է, ինչպես որ չունի քաղաքական դաշտ: Դաշտերը Ռուսաստանինն ու Եվրոպայինն էին և են: Իսկ թե ինչ են ճամարտակում մեր իշխանավորները, մեկնաբանման արժանի չէ:
– Տեսակետ կա, որ եթե նույնիսկ այս փաստաթուղթը ստորագրվի, այն կյանքի չի կոչվի այն պատճառով, որ իշխանությունները համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունների կատարման ճանապարհով չեն գնա: Համամի՞տ եք արդյոք, որքանո՞վ է իրատեսական, որ այս համաձայնագիրը «միս ու արյուն» ստանա:
– Ինչո՞ւ ենք մենք առաջնորդվում իշխանավորների պարտադիր սրիկայության կանխավարկածով: Նրանք գուցե որակազուրկ են, գավառամիտ, բայց ոչ դավաճան: Իհարկե, համաձայնագիրն աստիճանաբար կյանքի կկոչվի. և ժամանակացույցը երբեք պետք չէ, որ արկածախնդրության տանի մեր դողդոջ պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը:
– Ռուսամետ մի շարք գործիչներ այս օրերին նշում են, որ համաձայնագիրը եթե կյանքի կոչվի, վտանգում է մեր ինքնիշխանությունը, մինչդեռ ԵԱՏՄ մտնելը ծափահարություններով էին ընդունում: Ինչպե՞ս եք գնահատում:
– Նրանք անում են այն, ինչ իրենց հրահանգված է, և ինչի համար ռոճիկ են ստանում: Սինլքորներ միշտ էլ եղել են և կլինեն:
– Տեսակետ կա, որ սա մեր վերջին հնարավորությունն է 2013-ից հետո վերականգնելու Հայաստան-ԵՄ հարաբերությունները, և եթե այս համաձայնագիրը չստորագրվի, ճակատագրական կարող է լինել Հայաստանի համար: Համամի՞տ եք արդյոք:
– Նախ՝ ամենայն հավանականությամբ՝ համաձայնագիրը կստորագրվի, երկրորդ՝ վաղուց անցել են «վերջին հնարավորություն», «վերջին կռիվ», «վերջին հույս» ձևակերպումների ժամանակները: Համաձայնագիրը որքան մեզ է անհրաժեշտ, նույնքան՝ Եվրոպային, բայց որևէ մեկը չի զորի ասելու, թե դա Եվրոպայի վերջին հնարավորությունն է: Այսօր շատ ավելի կարևոր է, որ Եվրոպան մեր արժեքների, մեր աշխարհզգացողության, մեր աշխարհընկալման ներսում լինի, քան Հայաստանը՝ Եվրոպայի: Հայաստանն ա՛յն ժամանակ իրականում կդառնա Եվրոպա, երբ մենք դառնանք եվրոպացի: Իսկ մենք, հաճախ խոտորվելով, սակայն ա՛յդ ուղու վրա ենք, և փառք Աստծո: