Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 1-ին, խորհրդակցություն է անցկացրել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են օրենսդիր և գործադիր իշխանության թևերի միջև փոխգործակցությանը և 2018 թվականի պետական բյուջեի ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է իշխանության թևերի միջև համագործակցության արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ակնկալում է բյուջեի քննարկումների անցկացումն ակտիվ և գործնական մթնոլորտում:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: