ԲԹԿ երկաթուղու բացումը համատեղ ռազմավարական նախագծերի հաջող իրականացման լավագույն օրինակն է: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր Բաքվում ԲԹԿ երկաթուղու բացման հանդիսավոր արարողության ժամանակ, փոխանցում է Trend-ը։
Վարչապետի խոսքով՝ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունն այդ արարողությանը մատնացույց է անում նախագծի առանձնահատուկ ռազմավարական նշանակությունը։
«Վստահ եմ՝ նոր երկաթուղին կփոփոխի առկա տնտեսական իրողությունները և զարգացման նոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս», – ասել է Կվիրիկաշվիլին՝ նոր երկաթուղին համարելով եվրասիական նոր կամրջի հիմք, որը կծառայի մասնակից պետությունների բարեկեցությանը: Գեորգի Կվիրիկաշվիլին իր խոսքում անդրադարձել է նաև երկաթուղու՝ տարեկան մինչև մեկ միլիոն ուղևոր տեղափոխելու հնարավորությանը, ինչը կամրապնդի տարածաշրջանի տրանսպորտային կարգավիճակը: