Ադրբեջանական խոշորագույն «Շահ Դենիզ» գազի հանքի մշակման երկրորդ փուլի շրջանակում առաջին գազը ծրագրվում է ստանալ 2018 թվականի երրորդ եռամսյակում։ Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանի նավթագազային շուկայի աղբյուրը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ առաջին փուլի շրջանակում «Ալֆա» հարթակից փորվել և շահագործման մեջ է գտնվում 10 հորատանցք։ Նախատեսված է ևս 2 հորատանցքի փորում։ «Ալֆա» հարթակի հնարավորությունները թույլ են տալիս օրական արդյունահանել 30 մլն խորանարդ մետր գազ և 45-50 հազար բարել կոնդենսանտ։ Դրանք հարթակի առավելագույն ցուցանիշներն են, այդ իսկ պաատճառով մշակման երկրորդ փուլի համար կառուցվել են երկու նոր հարթակներ։
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ «Շահ Դենիզ-2»-ի շրջանակում նախատեսվում է 26 հորատանցքի փորում։ Նշվում է, որ բոլոր փորված հորատանցքերն առանձնանում են բարդությամբ։ Դրանք ունեն ավելի քան 6500 մետր խորություն, որոնց փորման համար պահանջվում է մոտ 130 օր՝ նախկին 300-ի փոխարեն։