Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և Երևան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ Նախագահն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այս ուղղությամբ տարածաշրջանում կայունության պահպանման կարևորագույն նախապայմաններից մեկն է: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Տարոն Մարգարյանին և Երևանի քաղաքային իշխանություններին Պաշտպանության բանակին, Ստեփանակերտի և Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը Երևանի հետ դրական ազդեցություն է թողնում Արցախում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա: