Գինու արտադրությունը հասել է 50-ամյա նվազագույնի։ Այս մասին, ինչպես փոխանցում է Daily News-ը, հայտնել է Խաղողագործողության ու գինեգործության միջազգային կազմակերպությունը։
2017 թվականին գինու արտադրությունը նվազել է՝ հասնելով 247 մլն հեկտոլիտրի։ Անցած տարվա ցուցանիշների համեմատ՝ գինու ծավալների նվազումը կազմել է 8 տոկոս։ Փորձագետների խոսքով՝ դա կապված է եղանակային պայմանների փոփոխությունների հետ։ Ցուրտ գարուններն ու շոգ ամառները բացասաբար են անդրադարձել Եվրոպայի շատ անկյուններում խաղողի բերքի վրա։
Առավել տուժած երկրների թվում անվանվում են Իտալիան (անկումը կազմել է 23 տոկոս), Ֆրանսիան (19 տոկոս) և Իսպանիան (15 տոկոս)։ Պորտուգալիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայի երկրներում գինու արտադրությունը, հակառակը, աճել է 2016 թվականի համեմատ։
Սպասվում է, որ այս տարի սպառումը կմնա 243,2 մլն հեկտոլիտրի մակարդակի վրա։ Դա նշանակում է, որ մարդկությունը խմում է մոտ այնքան ծավալով գինի, որքան արտադրում է։