Եվրամիության ներսում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով Հայաստանն ու Եվրամիությունը չեն հասցնի նախատեսված ժամկետում՝ նոյեմբերի 24-ին, ստորագրել բանակցված նոր շրջանակային համաձայնագիրը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում է արել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ իրավաբանական ուսումնասիրության և թարգմանության հետ կապված խնդիրների պատճառով փաստաթղթի ստորագրումը հավանաբար կհետաձգվի մինչև դեկտեմբեր:
Ամեն դեպքում փորձագետը կարծում է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որ դառնալու է Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթուղթ, ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար և նաև լուրջ հնարավորություններ է տալիս ոչ միայն քաղաքական բարեփոխումներ իրականացնելու, այլև տնտեսության զարգացման և նույնիսկ անվտանգության ոլորտում Եվրամիության հետ համագործակցելու համար:
– Պարոն Կիրակոսյան, ի՞նչ կանխատեսում կարող եք անել Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին: Կա՞ն արդյոք խոչընդոտներ, որոնք կարող են պատճառ դառնալ նոյեմբերի 24-ին նախատեսված ստորագրումը հետաձգելու համար:
– Նախ՝ լավ լուրի մասին: Այս նոր համաձայնագրի նախաստորագրումն ու նախապատրաստությունը փաստաթղթի ստորագրմանը շատ կարևոր ձեռքբերում է Հայաստանի ու Եվրամիության համար, և ի պատիվ Ռուսաստանի Դաշնության՝ պիտի ասենք, որ այսօր, երբ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, Մոսկվան չի խոչընդոտում այս գործընթացին, և սա շատ կարևոր է, որովհետև ի վերջո Հայաստանը կլինի ԵԱՏՄ միակ անդամ պետությունը, որը նման բարձր մակարդակի ռազմավարական համաձայնագիր ունի Եվրամիության հետ, ավելի բարձր, քան նույնիսկ Ղազախստանի համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Սա հնարավորություն է տալիս Ռուսաստանին, նախագահ Պուտինին և ԵԱՏՄ-ին հարաբերություններ կառուցել Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև:
Հիմա՝ վատ լուրի մասին: Երևանն ու Մոսկվան խոչընդոտ չեն առաջացնում համաձայնագրի ստորագրման համար: Իրականում խնդիրն այժմ Բրյուսելում է՝ կապված տեխնիկական հարցերի, մասնավորապես՝ տվյալ համաձայնագրի իրավաբանական ուսումնասիրության և թարգմանության հետ, ինչը նշանակում է, որ փաստաթուղթն ամենայն հավանականությամբ պատրաստ չի լինի նախատեսված ժամկետին՝ նոյեմբերի 24-ին, երբ Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Համաձայնագրի ստորագրումը հավանաբար կհետաձգվի մինչև դեկտեմբեր: Այն ամեն դեպքում կստորագրվի մինչև տարվա վերջ, բայց հետաձգման պատճառը ոչ թե արտաքին ճնշումն է, այլ ներքին պրակտիկ խնդիրները, խոչընդոտները Եվրամիության ներսում:
Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը շարունակում է պահպանել իր հանձնառությունը այս համաձայնագրին, քանի որ սա բացառիկ երկրորդ հնարավորությունն է Հայաստանի համար` վերանորոգելու և վերականգնելու հարաբերությունները Եվրամիության հետ:
– Մենք ունենք որոշ ոչ պաշտոնական տեղեկություններ, որ Եվրամիության մի քանի գաճաճ պետություններ, օրինակ՝ Մալթան ու Լյուքսեմբուրգը, ֆինանսավորվել են Ադրբեջանի կողմից, որպեսզի չթարգմանեն համաձայնագրի տեքստը և այդպիսով խոչընդոտեն համաձայնագրի ստորագրմանը:
– Ոչ, ոչ: Լավ հարց է, բայց իրականում այն սխալ է: Նախևառաջ, փաստաթղթի թարգմանությունն ու իրավաբանական ստուգումը, ուսումնասիրությունը Եվրամիության՝ Բրյուսելում տեղակայված հաստատությունների առաջադրանքն է և որևէ կապ չունի անդամ պետությունների հետ, նրանք ազդեցություն չունեն թարգմանության կամ իրավաբանական ստուգման գործընթացների վրա: Այնուամենայնիվ, սա բարձրացնում է մեկ այլ հարց՝ անհանգստության առիթ կարող է լինել այս համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ անդամ պետությունների հնարավոր արձագանքը: Դուք նշեցիք Լյուքսեմբուրգը, Մալթան: Թերևս կարելի է այս շարքին ավելացնել նաև Հունգարիան: Եթե ինչ-որ տարբերակներ կան՝ արգելափակելու համաձայնագրի հաստատումը, ապա դա է մտահոգությունը, ոչ թե այն ենթադրությունը, որ որոշ անդամ պետություններ սաբոտաժի են ենթարկում համաձայնագրի ստորագրումը:
– Համաձայնագրի տեքստի հրապարակումը Եվրամիության կողմից ի՞նչ նշանակություն կարող է ունենալ ստորագրման համար:
– Կարծում եմ՝ դա խելացի քայլ էր: Այլ խոսքով՝ համաձայնագրի տեքստի հրապարակայնացումը ցույց է տալիս, որ կողմերը դասեր են քաղել նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրից, որի տեքստն այդպես էլ չհրապարակվեց: Սա մեծ թափանցիկության նշան է և նաև ցուցադրություն, թե ինչ է պարունակում և ինչ չի պարունակում համաձայնագիրը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ՝ ընդունվելու է հայտարարություն կոնսենսուսի սկզբունքով, թե ինչ ձևակերպումներ կան, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կամ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին:
– Համաձայնագիրն ի՞նչ հնարավորություններ է տալիս քաղաքական բարեփոխումների, տնտեսության, առևտրի և այլ ոլորտների զարգացման համար:
– Վերջերս Բրյուսելի Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի (CEPS) փորձագետ Հրանտ Կոստանյանի հետ միասին հրապարակեցինք վերլուծություն համաձայնագրի մասին: Մեր պաշտոնական գնահատականի մեջ նշեցինք, որ համաձայնագրում, մասնավորապես երկու ոլորտների առնչությամբ, շատ ավելին կար Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին, քան մենք ակնկալում էինք: Համաձայնագիրը շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս տնտեսության զարգացման, մրցակցության քաղաքականության, բաց երկնքի քաղաքականության, հատուկ ոլորտներում ներդրումներ անելու համար, քան ակնկալվում էր: Երկրորդ կարևոր ուղղությունը ներուժն է՝ համագործակցելու անվտանգության ոլորտում, իսկ անվտանգությունը, ինչպես գիտեք, Հայաստանի կարևորագույն ուղղություններից մեկն է հատկապես 2016 թ. ապրիլից հետո: Խոսքը մասնավորապես կիբերանվտանգության, «փափուկ անվտանգության» մասին է: Այսպիսով, քաղաքական ոլորտից բացի, համաձայնագրի տնտեսական բաղադրիչը շատ ավելի էական է, քան ակնկալում էինք, թեև քիչ բան կա առևտրային հարաբերությունների զարգացման մասին:
– Իսկ ընդհանրապես համաձայնագիրը ռազմավարական ի՞նչ նշանակություն ունի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման առումով:
– Երկու հանգամանք կարելի է առանձնացնել: Նախ՝ ռազմավարական նշանակությունը Հայաստանի տեսանկյունից: Համաձայնագիրն ուժեղացնում է Հայաստանի ռազմավարական դիրքերը, մեծացնում Հայաստանի դերն ու սակարկելու հնարավորությունները ԵԱՏՄ-ի ներսում, քանի որ Եվրամիության հետ լավ հարաբերությունների շնորհիվ Հայաստանը կարող է օգնել ԵԱՏՄ երկրներին շատ կարևոր մի հարցում՝ հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ:
Երկրորդ օգուտը Եվրամիության ռազմավարական հաղթանակն է: Հայաստանի օրինակը շատ կարևոր հաջողություն է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի համար: Թեև մենք հիասթափված էինք, որ չկարողացանք Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի պես ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, բայց շնորհիվ այս համաձայնագրի՝ մենք առաջ ենք անցնում Արևելյան գործընկերության մյուս երկու անդամներից՝ Բելառուսից ու Ադրբեջանից:
– Թվում է, թե նույնիսկ նախագահ Սարգսյանն է անհանգստացած, որ Ռուսաստանը հավանություն չի տա Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրմանը, որովհետև Սոչիում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում շատ պարզ ակնարկեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ասելով, որ այլ ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցությունը ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ առանձին երկրների մակարդակում կարող է փոխշահավետ լինել: Սա ինչ-որ ուղե՞րձ էր:
– Դա ուղերձ էր, որը Մոսկվային չէր ուղղված: Դա ուղերձ էր Բելառուսին և Ղազախստանին: Սա շատ խելացի քայլ էր՝ որպես հավաստիացում ԵԱՏՄ-ի առավել ադրբեջանամետ տարրերին, որ Եվրամիության հետ համաձայնագիրը ոչ թե ուղղված է ԵԱՏՄ-ի դեմ, այլ կարող է օգուտներ տալ ԵԱՏՄ-ին: Իհարկե, նա նաև Ռուսաստանին էր հիշեցնում օգուտների մասին: Բայց կրկին պիտի նշեմ, որ ի տարբերություն 2013 թվականի՝ Ռուսաստանն, ըստ երևույթին, ոչ միայն թույլատրել է Հայաստանին բանակցել և նախաստորագրել համաձայնագիրը, այլև ամենայն հավանականությամբ կողջունի այս համաձայնագիրը ստորագրելու Հայաստանին ընձեռված հնարավորությունը:
Լուսանկարը՝ Photolure-ի