ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական համագործակցության զարգացման բնագավառում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և հայագիտական գործունեություն ծավալելու համար հոկտեմբերի 23-ին ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռաֆայիլ Զինուրովին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով Ռաֆայիլ Զինուրովին՝ Արա Բաբլոյանը նշել է. «Դուք ոչ միայն Հայաստանի բարեկամն եք, այլև հայոց պատմության և հայ մշակույթի մեծ գիտակ եք: Ձեր «Հայաստան. հազարամյակների ուղի» գիրքը մեր երկրի պատմության յուրահատուկ չափածո նկարագիրն է՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Շնորհակալ ենք հայ ժողովրդի նկատմամբ տածած անկեղծ սիրո համար»:
Ռաֆայիլ Զինուրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահին շնորհակալություն է հայտնել հայերենով և նվիրել իր հեղինակած գիրքը: