Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը քննարկում է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀպաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ արդեն առիթ ունեցել է օրենքի նախագիծը ներկայացնել հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների ընթացքում` հիշեցնելով, որ այն քննարկվել է նաև ազգային անվտանգության խորհրդի նիստում, այնուհետև` կառավարությունում: «Այս օրենքի նախագիծը երեք հիմնական նպատակ է հետապնդում:
Առաջինը սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած նոր իրավահարաբերությունների, իշխանությունների ճյուղերի փոխհարաբերությունների արտացոլումն է օրենսդրական դաշտում այնպես, որ դրանց կիրառումը հնարավոր դառնա մինչև 2018 թ. ապրիլի սկիզբը:
Երկրորդը ոլորտը կարգավորող օրենքների կոնսոլիդացումն է, որովհետև տարիների ընթացքում ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենքներ են ընդունվել` երբեմն միմյանց հակասող, կրկնող: Այս պարագայում դաշտը վերանայելու անհրաժեշտություն կար: Երրորդը նոր քաղաքականությունների ներդրման համար իրավական հիմքերի ստեղծումն է»,- մանրամասնեց նախարարը: