«Գիտեք՝ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման պատմության մեջ տարբեր իրադարձություններ են եղել, ընդհուպ որոշումներ են կայացվել մեկ գիշերվա ընթացքում, բայց այս պահի դրությամբ այնպիսի տպավորություն ունեմ, որ համաձայնագիրը կստորագրվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի վերլուծաբան Վադիմ Դուբնովը։
«Մոսկվայի կողմից երկրորդ անգամ Հայաստանի իշխանությունների համար նման շոու սարքելը ծայրաստիճան ստորացուցիչ կլինի։ Երկրորդ՝ ես կարծում եմ՝ համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները Մոսկվայի հետ քննարկվել են և ըստ իս՝ տեքստը Ռուսաստանի հետ համաձայնեցված է։ Այն բոլոր խնդիրները, որոնք կարող էր Մոսկվան տեսնել այդ համաձայնագրում՝ կա՛մ չեզոքացվել, կա՛մ էլ հարթվել են»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Արդյո՞ք Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կախված կլինի նաև այն բանից, թե տվյալ պահին Ռուսաստանը ինչ հարաբերություններ կունենա Արևմուտքի և մասնավորապես Եվրամիության հետ, հարցին ի պատասխան, Վադիմ Դուբնովն ընդգծեց. «Իհարկե, Մոսկվային կարող ենք ներկայացնել որպես կռվարար տիկին, որն ամեն ինչ անում է՝ կախված իր այդ պահի տրամադրությունից, բայց կարծում եմ՝ այդ իմաստով ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Որքան էլ վատթարանան Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները, ես, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ դա որոշիչ ազդեցություն կունենա համաձայնագրի ստորագրման իմաստով։ Ավելին՝ եթե այդ հարաբերություններն ընդհանրապես ծայրաստիճան վատանան, կարծում եմ՝ Հայաստանը ինչ-որ կերպ գոնե ինքնուրույնություն պետք է ցուցաբերի և չդառնա Մոսկվայի ստրուկը»։