Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է այն մասին, որ չեղարկում է իր որոշումը Զիմբաբվեի նախագահ, 93-ամյա Ռոբերտ Մուգաբեին «բարի կամքի դեսպան» նշանակելու վերաբերյալ։
Մուգաբեն, ով ղեկավարում է երկիրը 1980 թվականից, հայտարարվել էր «բարի կամքի դեսպան» 2 օր առաջ։ Այդ որոշումն անհապաղ քննադատության է ենթարկվել իրավապաշտպանների, լրագրողների և որոշ պետությունների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Կանադայի և ԱՄՆ-ի կողմից։ The Guardian-ը մեջբերում է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանտա Փաուերի խոսքերը. «Միակ մարդը, ում առողջության մասին հոգ է տարել Մուգաբեն իր կառավարման 37 տարիների ընթացքում, եղել է ինքն անձամբ»։
AFP-ն նշում է, որ Մուգաբեի օրոք Զիմբաբվեի առողջապահական համակարգն անկում է ապրել։ Երկրում կյանքի միջին տևողությունը կազմում է 49 տարի։