Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը համոզված է, որ վստահության մեխանիզմների ձևավորմանը կարող են նպաստել բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, սակայն ակնհայտորեն մի կողմը չի կատարում դրանք:
Այս մասին քաղաքագետն ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպված «Ինտեգրացիոն վեկտորները և անվտանգությունը. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում:
«Քանի դեռ կողմերի միջև չի ձևավորվել վստահություն, հակամարտության կարգավորումը բարդ է լինելու:
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ենթադրություններ ու կարծիքներ շատ են հնչում, սակայն երկու կողմից հնչեցվող զսպված պաշտոնական հաղորդագրությունների հիման վրա կարող եմ ասել, որ կողմերը դժվար թե շոշափելի արդյունքների են հասել: Հակամարտությունը տարիների պատմություն ունի, և կողմերի, մասնավորապես, Ադրբեջանի դիրքորոշումը ընդունելի չէ»,-ասաց Անդրեյ Արեշևը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 18-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ սահմանին եղան կրակոցներ, զոհ. այն, ինչ, նրա դիտարկմամբ, արդեն դարձել է ավանդական տակտիկա:
«Եվ սա չի նպաստում հակամարտության կարգավորմանը, որովհետև չի նպաստում կողմերի միջև վստահության մեխանիզմների ամրապնդմանը»,-ընդգծեց քաղաքագետը և հավելեց, որ, այնուամենայնիվ, կոնտակտը, հանդիպումները լավ են, սակայն դրանք այս պայմաններում շոշափելի արդյունքներ չեն բերի: