Ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը գրել է «Օրկա» սիմֆոնիան մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Սիմֆոնիան ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
«Orca Symphony No 1»-ը ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013-ի հունիսի 25-ին: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքը: Սիմֆոնիայի առաջին հատվածը կոչվում է Victorious Orcinus, որը պատմում է այն մասին, թե ինչպես է օրկան դառնում հաղթական կենդանի:
Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է սուզվել ջրի հատակը՝ մեդիտացիայի և խորը ինքնավերլուծության նպատակով: Երկրորդ և երրորդ բաժինների միջև խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Նրան անվանում են խոյադելֆին, բայց ինքը պատկանում է կաթնասունների ընտանիքին և դելֆին է: Ըստ հեղինակի` խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տարատեսակներն են: