Կառավարությունը թույլատրեց «Նանման» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ «Նանման» ՍՊԸ-ն գործում է թեթև արդյունաբերության բնագավառում:
«Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել շուրջ 59.6 մլն դրամի ներդրում և ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 78 000 դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ծավալները կկազմեն մոտ 91 մլն դրամ, որից՝ մոտ 47 մլն դրամը կիրացվի ՀՀ-ում, մոտ 40 մլն դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, մոտ 4 մլն դրամը՝ ԵՄ երկրներում»,- ասաց փոխնախարարը:
Ի պատասխան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցի՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Նանման»-ին կառավարությունը աջակցություն է ցուցաբերում երրորդ անգամ: