Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը, որն ունի 30 աշակերտ և զբաղեցնում է շուրջ 5069 քմ տարածք, կփակվի և կմիացվի հարևանությամբ գտնվող թիվ 28 դպրոցին, որը կառուցվել է երկրաշարժից հետո։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Դպրոցի պահպանությունն ու վերականգնումը բացարձակապես չի հիմնավորվում։ Բոլորին պետք է հասկանալի դառնա, որ այս թվակազմով և այս տարածքով դպրոց պահելը չի արդարացվում և կրթությունը նորմալ չէ այդ դպրոցում», – ասաց Լոքյանը։
Ի պատասխան վարչապետի հարցի՝ նախարարն ասաց, որ դպրոցների օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 19 միլիոն դրամ: Վարչապետը նաև հետաքրքրվեց, թե հարցը տեղում համաձայնեցվա՞ծ է։ «Բոլորը գիտեն, հարցը բավական երկար քննարկվել է», – ասաց Դավիթ Լոքյանը։