ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը չի բացառել, որ ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակից հետո կարող է գրանցվել ահաբեկչական սպառնալիքի աճ։ Հայտնում է The Hill-ը։
Նա ընդգծել է, որ այդ ենթադրությունը հենված է զինվորականների տեղեկությունների վրա, որոնք Մերձավոր Արևելքում մասնակցում են ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին։
Սեշնսը ԱՄՆ Կոնգրեսի Սենատի՝ իրավական հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ ահաբեկչական վտանգը իրատեսական է, և զինվորականներն իրենց հայտնել են, որ ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակից հետո ակնկալում են ոչ թե ահաբեկչության նվազում, այլև անգամ ահաբեկչական հարձակումների աճ։
Սրանից առաջ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը հայտնել էր, որ ԴԱԻՇ-ից 90 տոկոսով ազատագրված է նրա փաստացի մայրաքաղաքը համարվող սիրիական Ռաքքան։