Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին կոչ է արել հեռացնել Twitter-ում սեփական օգտահաշիվը։
Նեթանյահուն այդ կոչը հնչեցրել է այն բանից հետո, ինչ Զարիֆն իր միկրոբլոգում գրել է, որ բոլոր իրանցիները, այդ թվում նաև կանայք ու երեխաները աջակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (IRGC)։
Նեթանյահուն Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է կարճ տեսաուղերձ, որում նշել է. «Ես կցանկանայի իմանալ, թե ինչ են այդ կապակցությամբ կարծում իրանցիները։
Դժբախտաբար, վարչակարգը նրանց արգելում է օգտվել Twitter միկրոբլոգների ցանցից։ Ձեզ չի՞ թվում, որ դա հեգնանք է։ Ըստ ամենայնի՝ ես ավելի բարձր կարծիք ունեմ Իրանի ժողովրդի մասին, քան՝ նրա առաջնորդները»։
Նեթանյահուն այդպիսով ցանկացել է ցույց տալ, որ չի հավատում, թե խաղաղ բնակիչները հպարտանում են նրանով, որ IRGC-ը համայն աշխարհում, այդ թվում նաև Իրանում սպանում է անմեղ տղամարդկանց ու կանանց։