Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Էդգար Մանուկյանի գործի դատական քննությունը:
25-ամյա Էդգարը մեղադրվում է խմբի կազմում զենքի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Ավազակային հարձակման գործով ամբաստանյալները երկուսը պետք է լինեին, Էդգարի կողքին կարող էր նստած լինել նախկին ոստիկան Հ. Ֆալանջյանը, սակայն հարձակման ընթացքում տուժողները դիմադրել ու պաշտպանվել են, հարձակվողները վնասազերծվել են մինչև ոստիկանները դեպքի վայր կհասնեին:
Հ. Ֆալանջյանը ստացած բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Էդգար Մանուկյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Նախաքննական մարմինը տուժողների վերաբերյալ քրեական գործ չի հարուցել՝ եզրակացնելով, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, կատարել են իրավաչափ գործողություններ՝ հանկարծակի ու վտանգավոր ոտնձգությունից պաշտպանելով իրենց և ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը:
Ըստ մեղադրանքի՝ Էդգար Մանուկյանը նախնական համաձայնության է եկել իր հարևանի՝ ոստիկանության ծառայող Հ. Ֆալանջյանի հետ՝ գործարարի համբավ ունեցող Լևոն Ավետիսյանի ու նրա ընտանիքի անդամների գույքը ավազակությամբ հափշտակելու վերաբերյալ:
Էդգար Մանուկյանն ու Հ. Ֆալանջյանը, ըստ մեղադրանքի, զինվել են 9 մմ տրամաչափի ատրճանակով, փամփուշտներով, խլացուցիչով, դանակով, ինչպես նաև՝ փականներ բացելու համար նախատեսված պտուտակահանով, տուժողներին կապելու համար նախատեսված կպչուն ժապավենով, դիմակներով, լապտերներով, ձեռնոցներով:
2016 թվականի մայիսի 13-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում նրանք Հ. Ֆալանջյանին պատկանող «Մերսեդես Բենց» մեքենայով մեկնել են տուժողի թաղամաս՝ նախապես իրենց բջջային հեռախոսները թողնելով Էդգար Մանուկյանի վարած «Սամանդ» մեքենայի մեջ, որը կայանված էր Մանուկյանի բնակության վայրում:
Հասնելով տուժողների տան մերձակայքը, հանել են «Մերսեդեսի» հաշվառման համարանիշը, մեքենան կայանել են տուժողների տանը հարակից շենքերի բակում:
«Մերսեդեսը» գործի գցելու բանալին թողել են փականի մեջ, իսկ հեռակառավարման վահանակը՝ մեքենայի անվադողի վրա՝ դեպքի վայրից արագ հեռանալու նպատակով:
Էդգար Մանուկյանն ու Հ. Ֆալանջյանը դարպասի վրայով մագլցել ու մուտք են գործել տուժողների բակ, հետո բաց պատուհանից մտել են տուն:
Նրանք դիմակավորված, խլացուցիչ ունեցող ատրճանակով և դանակով զինված, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել են ննջասենյակում քնած Լևոն Ավետիսյանի ու նրա կնոջ վրա, պահանջել են տանը եղած արժեքավոր գույքն ու գումարները հանձնել իրենց:
Հարձակվողները հանդիպել են ամուսինների ակտիվ դիմադրությանը, որը հաղթահարելու նպատակով, ըստ մեղադրանքի, Էդգար Մանուկյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Լևոն Ավեիսյանի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Նույն ժամանակ, ըստ մեղադրանքի, Հ. Ֆալանջյանն իր մոտ եղած խլացուցիչով ատրճանակից կրակել է Լևոնի որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Հարևան ննջասենյակում մանկահասակ երեխաների հետ քնած էին Լևոնի դուստրն ու նրա ամուսին Սամվելը, երրորդ ննջասենյակում էր Լևոնի դեռահաս որդին՝ Դավիթը:
Աղմուկի ձայներից նրանք արթնացել ու շտապել են ծնողների ննջասենյակ և սկսել են համատեղ ուժերով պայքարել հարձակվողների դեմ:
Ըստ մեղադրանքի՝ Էդգար Մանուկյանը անչափահաս Դավիթի դաստակին դանակով հարվածել, պատճառել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս:
Մանուկյանը դանակով հարվածել է նաև Սամվելի թիկունքային ու գոտկային հատվածներին՝ պատճառելով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:
Պայքարը ննջասենյակից տեղափոխվել է հյուրասենյակ, որտեղ Հ. Ֆալանջյանի դեմքը փակող դիմակը դուրս է եկել, դեմքը բացվել է: Լևոն Ավետիսյանը, լինելով ոստիկանության համակարգի նախկին աշխատող, ճանաչել է նրան՝ Ֆալանջյանը եղել է նրանց թաղամասի «օպերը»:
Ըստ մեղադրանքի՝ տեսնելով, որ տուժողներն իրեն ճանաչեցին, Ֆալանջյանը մտադրվել է հանցանքը թաքցնելու նպատակով սպանել նրանց: Այդ դիտավորությունը դուրս էր Էդգար Մանուկյանի ունեցած հանցավոր դիտավորությունից:
Ըստ մեղադրանքի՝ Հ. Ֆալանջյանը տեղում առաջացած սպանության դիտավորությամբ գործադրել է ատրճանակը, կրակել է անչափահաս Դավիթի ուղղությամբ՝ կրծքավանդակի շրջանում նրան պատճառելով միջանցիկ վնասվածք. գնդակը դուրս է եկել դեռահասի մարմնից ու դիպել է սենյակի պատին: Դավիթին պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:
Անչափահասի վրա արձակված կրակոցից հետո հարձակվողների ու տան բնակիչների միջև կենաց ու մահու կռիվ է ընթացել, որի ժամանակ հարձակվողները պարտվել են՝ Հ. Ֆալանջյանը գլխի ու մարմնի մյուս մասերում ստացած բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Էդգար Մանուկյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Դատարանը հարցաքննում է գործով վկաներին: Մնացել էին դատակոչված վերջին հինգ վկաները՝ բոլորն էլ ոստիկանության աշխատողներ: Դատարան էին ներկայացել չորս վկաները:
Նրանք դեպքի վայր՝ տուժողների տուն էին գնացել գիշերային ահազանգով: Երբ տեղ էին հասել, հարձակվողները տանտերերի կողմից արդեն իսկ վնասազերծված էին՝ Հ. Ֆալանջյանն անշարժ ընկած էր հատակին՝ նա արդեն մահացել էր:
Հատակին ընկած էր նաև ծանր վնասվածքներ ստացած Էդգարը: Ոստիկանները նշեցին, որ շտապօգնության երկու մեքենա է ժամանել դեպքի վայր, հիվանդանոց են տարել վնասվածքներ ստացած տանտերերին, նրանց վրա հարձակված Էդգար Մանուկյանին, իսկ Հ. Ֆալանջյանի մարմինը տեղափոխել են դիահերձարան:
Վկա Վ. Մկրտչյանը, ով դեպքի պահին եղել է Շենգավիթի ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալը, նշեց, որ դեպքի վայրում տեսել է խլացուցիչով ատրճանակ, դիմակներ:
Վկան ասաց, որ դեպքի վայրում մահացած Հ. Ֆալանջյանին ճանաչել է, նա եղել է «իր օպերներից»:
Տուժողների տանը, ըստ վկաների, խառնաշփոթ էր տիրում:
Հ. Ֆալանջյանի «Մերսեդես» մեքենան կայանված էր ոչ թե տուժողի տան մոտ, այլ՝ զուգահեռ փողոցում: Այդ մեքենայի մեջ ոստիկանները գտել են նաև երրորդ դիմակը, ինչից ենթադրվում է, որ ավազակային հարձակմանը հնարավոր է՝ մասնակցել է նաև երրորդ անձ, ով տուժողների տուն չի մտել, երևի դրսում հսկողի դերում է եղել: Այդ երրորդ անձի ինքնությունը գործով բացահայտված չէ:
Հարցաքննված վկաները դեպքի վայրի զննությանը չէին մասնակցել, կողմերը նրանց համարյա հարցեր չտվեցին:
Հարձակման ժամանակ վնասվածքներ ստացած ու դեպքի վայրում մահացած Հ. Ֆալանջյանի մայրը դատական նախորդ նիստին միջնորդություն էր ներկայացրել՝ իր որդուն՝ տուժող, իսկ իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ: Դատարանը մերժել է այս միջնորդությունը:
Քրեական գործի՝ Հ. Ֆալանջյանի մասը կարճված է՝ նրա մահվան հիմքով:
Ըստ գործի տվյալների՝ դեպքի օրը Հ. Ֆալանջյանը գնացել է Էդգար Մանուկյանի տուն, նրա տնեցիներին ասել է, թե գնում են «պանիխիդայի»:
Էդգարը գիշերը տուն չի վերադարձել: Հարազատները առավոտյան են իմացել, որ Էդգարը ծանր վնասվածքներով հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, իսկ Հ. Ֆալանջյանը մահացել է:
Դատարանը հաջորդ նիստին՝ նոյեմբերի 9-ին, կհարցաքննի վերջին վկային՝ նույնպես ոստիկանության աշխատակցի, այնուհետև կանցնի ամբաստանյալի հարցաքննությանը: