Վրաստանի սևծովյան ափի ուժգին փոթորիկը կաթվածահար է հարել Փոթիի և Բաթումի նավահանգիստների աշխատանքը, որտեղ գիշերվանից դադարեցվել են նավերի ընդունման և ուղարկման գործողությունները։
Փոթորիկը ծովում հասնում է 5-6 բալի՝ հայտնել է Փոթիի նավահանգստի կապիտան Վախթանգ Տավբերիձեն, փոխանցում է Interfax-ը։
Հիդրոգրաֆիկ ծառայության հաղորդմամբ՝ փոթորիկը, որն ուղեկցվում է տեղումներով, կհանդարտվի միայն երեքշաբթի կեսօրին։
Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տեղատարափ անձրևներն ու փոթորկոտ քամին խաթարել են ոչ միայն նավահանգիստների աշխատանքը, այլև լուրջ խնդիրներ ստեղծել Փոթի, Բաթում և Քոբուլեթի քաղաքներում։ Ափերից դուրս եկած գետերը հեղեղել են ճանապարհներն ու շենքերի առաջին հարկերը, տապալել ծառեր, վնասել էլեկտրաբաշխիչ գծեր ափամեձ քաղաքներում և գյուղերում։