Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին ժամանելու է Ադրբեջան։ Այդ մասին Trend լրատվական գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը։
Նրա խոսքերով՝ Էրդողանը մասնակցելու է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու բացման արարողակարգին։ Դիվանագետը հայտարարել է, որ ԲԹԿ-ը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի, այլև՝ ողջ Եվրասիական մայրցամաքի համար։
Դեսպանը հայտարարել է, որ ԲԹԿ-ի կարևորությունը նրանում է, որ հենց այդ երկաթուղին է միավորում Չինաստանն ու Եվրոպան, ինչը նպաստելու է անդադար բեռնափոխադրումներին։ Նա կարծիք է հայտնել, որ ԲԹԿ-ի շահագործմամբ կաշխուժանա հին Մետաքսե ճանապարհը։