Մոսկվայում գտնվող Տիեզերագնացության թանգարանում այս շաբաթ անցկացվում են Հայաստանի օրեր՝ նվիրված խորհրդային ու ռուսական հրթիռա-տիեզերական ոլորտի զարգացման մեջ հայ ժողովրդի ունեցած ներդրմանը:
Հայտնում է armenia.im կայքը՝ վկայակոչելով «Օստանկինո» թերթը: Հաղորդվում է, որ մասնակիցներին սպասվում են տիեզերական գեղանկարչության, մշակույթի ու լեզվի մասին զրույցներ, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող ականավոր գիտնականների մասին դասախոսություններ:
Թանգարանում ընդգծում են, որ ԽՍՀՄ-ում տիեզերական ոլորտի զարգացումը սերտորեն կապված է Պավել Աղաջանովի, ով գլխավորել է տիեզերանավերի թռիչքային փորձարկումների աշխատանքները, Անդրանիկ Իոսիֆյանի, ով հրթիռների համար մշակել է էլեկտրատեխնիկական սարքավորումներ, Ալեքսանդր Քեմուրջիանի, ով մոլորակագնացների համար ստեղծել է ինքնագնաց անիվներ և այլոց անվան հետ:
Թանգարանում անցկացվելու են «Հայկական հետքը տիեզերքում» խորագրով էքսկուրսիաներ և կինոցուցադրություններ: