Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց: Դատարան ժամանած շտապօգնության բժիշկը տեղեկանք է տվել, որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանը ողնաշարի գոտկային շրջանում սուր ցավեր ունի, որոնք առաջացել են սայլակի ընկնելու պատճառով: Նախագահող դատավորը ասաց, որ նման պայմաններում որ ամբաստանյալը ի վիճակի չէ դատական նիստին նստելու, դատական նիստը չի կարող շարունակվել:
Հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը: Նա ասաց, որ արդեն 8 օր գտնվում է հացադուլի մեջ. «Շատ վճռական եմ տրամադրված, առողջական խնդիրների պատճառով պահանջում եմ փոխել իմ խափանման միջոց կալանավորումը: Խոստանում եմ ոչ մի բանի չխոչընդոտել: Ես իմ մաշկի վրա եմ զգում, որ առողջական վիճակս վատացել է»:
Նախագահողը ասաց, որ դատարանում որևէ փաստաթուղթ ներկայացված չէ ամբաստանյալի առողջական վիճակի վատացման վերաբերյալ: Եթե նման փաստաթուղթ լինի՝ դատարանը նոր միայն կարող է անդրադառնալ խափանման միջոցը փոխելու հարցին:
Ամբաստանյալ Էդուարդ Ներսիսյանի շահերի պաշտպան Կարմեն Պողոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը 2016 թվականի օգոստոսին գլխուղեղի կաթված ես ստացել, ներկայումս գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում՝ հետկաթվածային վերականգնողական շրջանում է: Նրան անհրաժեշտ է նեղ մասնագիտական հետազոտություններ, որոնք պետք է կատարվեն քաղաքացիական հիվանդանոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում:
Նախագահողը տեղեկացրեց, որ այդ հիվանդանոցից հայտնել են, որ առայժմ հիվանդին ընդունել չեն կարող:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին: