Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային համարում է իր դաշնակիցը, սակայն Վաշինգտոնը անգամ փողով զենք չի վաճառում Թուրքիային, սակայն միևնույն ժամանակ անվճար սպառազինում է PKK-ի սիրիական թևին (YPG/PYD):
Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը: Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան հիանալի գիտի, որ ԱՄՆ-ի կողմից YPG/PYD-ին տված զենքը հետագայում գործածելու են Թուրքիայի դեմ:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա ներկայիս ճգնաժամը՝ Էրդողանն ընդգծել է, որ ճգնաժամի պատճառը ԱՄՆ դեսպան Ջոն Բասն է: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը չպետք է հանուն մեկ դեսպանի զոհաբերի Թուրքիայի հետ հարաբերությունները: