«Իմ պատկերացմամբ՝ իմ աշխատանքը Հայաստանում երեք գերակայությունների շուրջ պետք է կենտրոնացած լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտը, որը վաղը միայն նոր կհանձնի իր հավատարմագիրը Սերժ Սարգսյանին։ Դեսպանը նշեց, որ իր առաքելությունն է լինելու հաստատել երկուստեք քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, ինչպես նաև ուշադրություն դարձնել մշակութային և համագործակցային հարաբերություններին։
Դեսպանը խուսափեց գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ իր առաքելությունը լինելու է առաջիկայում հենց այդ հարցերին ուշադրություն դարձնելը։
Անդրադառնալով մեր հարցին, թե մտահոգություններ կա՞ն Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասով, որը նախատեսվում է նոյեմբերին, դեսպանը նշեց. «Մեր ցանկությունն է, որ Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին այդ համաձայնագիրը ստորագրվի։ Դա դրական քայլ կլինի և՛ Հայաստանի, և՛ ԵՄ-ի համար։ Բացի այդ, Հայաստանը կլինի միակ երկիրը, որը կունենա նման համաձայնագիր»։