Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվելու է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում, քանի որ բոլոր այս տարիներին մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ,- այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի քաղաքական հարցերի խորհրդական Երմուհամեդ Երտիսբաևը: Российская газета-ի փոխանցմամբ, նա հիշեցրել է, որ դեռ 1990-ականներին Ղազախստանի ու Ռուսաստանի նախագահները փորձել են լուծել այդ խնդիրը, սակայն հակամարտության արմատները շատ խորն են: «Ես այնպիսի տպավորություն եմ ստացել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վերջին հանդիպմանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում ինչ-որ դրական տեղաշարժ է ակնկալվում: Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ այդպես է, քանի որ մենք մոտ և սերտ հարաբերություններ ունենք թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ, և մեզ շատ է մտահոգում սառեցված «թեժ կետերի» առկայությունը: Կցանկանայի, որ ԱՊՀ տարածքի բոլոր սառեցված հակամարտությունները անցյալում մնան, քանի որ 21-րդ դարում հարևանների համար անարդյունավետ է ապրել հնացած կատեգորիաներով, և Ռուսաստանն այդ իմաստով կարող է առաջնային դեր ունենալ»,- ասել է Երտիսբաևը:”