Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հայտարարել Իրանի հետ միջուկային գործարքը չվավերացնելու իր որոշման մասին, որի պայմանները համաձայնեցվել և հաստատվել էին 2015 թվականին՝ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք։ Եթե նման բան տեղի ունենա, ԱՄՆ Կոնգրեսը 60 օրվա ընթացքում որոշում կընդունի Թեհրանի հանդեպ պատժամիջոցների մասին։
Fox News հեռուստաալիքի կայքը հրապարակել է ընդդիմադիր «Իրանի դիմակայության ազգային խորհրդի» (NCRI)՝ «Միջուկային Իրան, չստուգված ռազմական օբյեկտները» անվանումով հաշվետվության տվյալները։
NCRI-ի վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալիռեզա Ջաֆարզադեն նշում է, որ Իրանում երկար տարիներ գոյություն ունեն երկու միջուկային ծրագրեր՝ քաղաքացիական և ռազմական, ընդ որում՝ քաղաքացիական ծրագիրը նյութատեխնիկական բազա է ապահովում ռազմականի համար, որը, իրականում, հանդիսանում է Թեհրանի համար կենտրոնական։
NCRI-ն հայտնում է, որ Իրանի ռազմական միջուկային ծրագիրը վերահսկում է «Պաշտպանական ինովացիաների և հետազոտությունների կազմակերպությունը» (SPND), որը ենթարկվում է Իսլամական հեղափոխության պահակազորին և կազմված է 7 ստորաբաժանումից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է միջուկային զենքի մշակման որոշակի ուղղության համար։
NCRI-ի գնահատականով՝ Իրանի միջուկային ծրագիրը 2015 թվականին չի սառեցվել, միջուկային զենքի ստեղծման աշխատանքները շարունակվել են փակ ռազմական օբյեկտներում, որոնցից շատերը գտնվում են գետնի տակ և միացած են միմյանց թունելների համակարգով։
Հաշվետվությոնում ներկայացված են նաև այդ օբյեկտների արբանյակային լուսանկարները։ Թե որքանով է հստակ այդ տեղեկատվությունը, դժվար է ասել, սակայն իրանական ընդդիմությունը պնդում է, որ միջազգային հանրությունը պետք է հասնի այդ օբյեկտների մանրակրկիտ ստուգման։