Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին տեղեկացրել է, որ իր եղբայրը՝ Մեհդի Ջահանգիրին, որը զբոսաշրջության մի քանի խոշոր նախագծեր է ղեկավարում, ձերբակալվել է: Այդ մասին հայտնում է ABC-ն:
Իրանի փոխնախագահի խոսքերով՝ նա տեղեկություն չունի իր եղբոր ձերբակալության պատճառների վերաբերյալ: Նա հույս ունի, որ խոսքը քաղաքականորեն ծրագրված գործողության մասին չէ:
Մեհդի Ջահանգիրիի կողմից վերահսկվող նախագծերից են եղել Թեհրանի արվարձանում գտնվող զվարճանքների կենտրոնը, ինչպես նաև ֆրանսիական երկու հյուրանոցային ցանցերին պատկանող հյուրանոցների կառուցումը:
Ջահանգիրին նաև Թեհրանի առևտրի պալատի փոխնախագահն է և շահեր ունի մետաղագործության ու հանքարդյունաբերության ոլորտներում:
Նշենք, որ այս տարվա հուլիս ամսին կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավվածության մեղադրանքով ձերբակալվել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հոսեյն Ֆերեյդունը: