Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Ի՞նչ բերեմ քեզ Դուբայից… Վերջին անձը, ում հանդիպել էր Կարեն Վարդանյանը դաժան սպանությունից առաջ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը:

Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են:

Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի հարևանը: «Գործով չպարզված հանգամանքներում» Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:

Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:

Գևորգ Զոհրաբյանը վաճառել է գրավադրված բնակարանը: Ըստ մեղադրանքի՝ վաճառքի գումարից  19 հազար 500 դոլարը նա պետք է հանձներ Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, ծրագրել է Կարեն Վարդանյանի սպանությունը:

Նա իր «Օպել» մեքենան օրավարձով վարող Արթուր Միհրանյանին խոստացել է Կարեն Վարդանյանի սպանությունը կատարելու դեպքում գումար տալ:

Գևորգը Կարեն Վարդանյանին համոզել է ուղևորության մեկնել Դուբայ, Թբիլիսիից ԱՄԷ թռչող ինքնաթիռի երկու երկկողմանի տոմս են պատվիրել, բայց Կարենը գնել է միայն մեկ տոմս:

2016 թվականի մարտի 17-ին Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը «Օպելով» Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտից վերցրել են Կարեն Վարդանյանին՝ ասելով, թե մեկնում են Թբիլիսի՝ Թբիլիսի-Շարժա ինքնաթիռով ԱՄԷ մեկնելու համար, բայց իրականում, ըստ մեղադրանքի, խաբեության միջոցով առևանգել են Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, նախապես գնած ջրի շշի մեջ «Դիմեդրոլի» 10 դեղահաբ էր լուծել՝ այն մտադրությամբ, որ ջուրը խմելով՝ Կարեն Վարդանյանը գիտակցությունը կկորցնի, իրենք հեշտությամբ կսպանեն նրան:

Ճանապարհին Կարեն Վարդանյանը խմել է ջուրը, սակայն դեղը նրա վրա չի ազդել:

Երբ հասել են Սևան-Ծովագյուղ ճանապարհին, մեքենան կանգնեցրել են, Գևորգն ու Արթուրը իջել են, վերցրել են քարեր, ապա երկու կողմից նստել են Կարենի կողքին ու քարերի հարվածներով սկսել են դաժանաբար սպանել նրան:

Բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին՝ պատճառելով 15 սալջարդ վերքեր, 16 ջնջխված վերքեր, փակ կոտրվածքներ, նաև՝ կողոսկրերի կոտրվածքներ, գանգուղեղային բաց բութ վնասվածքներ… Այս ամենից բացի՝ դեռ ձեռքերով էլ սեղմել են Կարեն Վարդանյանի պարանոցը: Կարեն Վարդանյանը մահացել է կենսական կարևոր օրգանների համակցված սուր խանգարումից ու մեխանիկական շնչահեղձությունից:

Մարտի լույս 18-ի գիշերը Զոհրաբյանն ու Միհրանյանը նույն մեքենայով վերադարձել են Երևան՝ դիակը՝ մեքենայի հետևի նստատեղին: Մեքենան կանգնեցրել են Լենինգրադյան փողոցում, ծածկել են պոլիէթիլենային թաղանթով: Իրենք գնացել են Միհրանյանի՝ Սիսակյան փողոցում ապրող քեռու տուն, փոխել են իրենց արյունոտ հագուստը:

Հաջորդ օրը մեքենան տարել են Գևորգ Զոհրաբյանի՝ Սիսակյան 22 շենքին հարակից ավտոտնակ, ու Կարեն Վարդանյանի մարմինը թաղել են այնտեղ՝ նախապես ստուգելով նրա հագուստը, գտնելով ու հափշտակելով նաև զոհի գրպանում եղած 40 հազար դրամը:

Գևորգ Զոհրաբյանը «Ֆեյսբուքով» Կարեն Վարդանյանի անունից հաղորդագրություններ է գրել, իբր՝ Դուբայում է, այդպիսով փորձել է կատարված հանցագործության հետքերը թաքցնել:

Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրված նախնական համաձայնությամբ խմբի կազմում խաբեությամբ մարդու առևանգման, շահադիտական դրդումներով սպանության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Գևորգ Զոհրաբյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ամբողջ հանցանքը փորձում է իր վրա վերցնել Արթուր Միհրանյանը:

Դատական այս նիստի սկզբում դատարանը ներգրավեց քաղաքացիական հայցվոր, սպանված Կարեն Վարդանյանի ազգական Մարինա Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Զուռնաչյանին:

Նշենք, որ նախորդ նիստերից մեկում ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը հրաժարվել էր իր վճարովի փաստաբանից՝ Ա. Մուխսիկարոյանից, խնդրել էր իրեն ապահովել հանրային պաշտպանով: Դատարանը որպես Գևորգ Զոհրաբյանի շահերի պաշտպան ներգրավել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանին, ով արդեն ծանոթացել է գործի նյութերին: Պետք է նշել նաև, որ Լյուդվիգ Ավետիսյանը նախաքննական փուլերից մեկում արդեն եղել է Գևորգ Զոհրաբյանի շահերի պաշտպանը: Զոհրաբյանն այն ժամանակ էլ հրաժարվել էր հանրային պաշտպանից ու ցանկացել էր վճարովի պաշտպան ունենալ…

Դատական այս նիստում պետք է հարցաքննվեր դատակոչի ցուցակում նշված ամենավերջին վկան, ով տեղեկացրել էր, որ դատարան կհասնի բավական ուշացումով:

Նախագահողն առաջարկեց փոխել ապացույցների հետազոտման՝ արդեն սահմանված հաջորդականությունը, անցնել ամբաստանյալների հարցաքննությանը, իսկ վկայի ներկայանալուն պես՝ հարցաքննել նրան:

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններ Մարինե Ֆարմանյանն ու Լյուդվիգ Ավետիսյանը խորհրդակցեցին իրենց պաշտպանյալների հետ, ապա հայտնեցին, որ իրենց պաշտպանյալները ցանկանում են ցուցմունք տալ, սակայն դատական այս նիստին նրանք պատրաստ չեն:

Դատարանն ընդմիջում հայտարարեց, մինչև վերջին վկան տեղ կհասներ:

Վերջապես վկա Մանուկ Ս.-ն ներկայացավ, դատական նիստը վերսկսվեց:

Ստացվել էր այնպես, որ դատակոչի ցուցակով վերջին վկան նաև վերջին մարդն էր, ով Սասունցի Դավթի արձանի մոտ հանդիպել էր «Դուբայ մեկնող» տուժողին՝ մոլորեցված Կարեն Վարդանյանին: Մանուկը Կարենին պետք է ֆլեշկա հանձներ, նա մի կարճ զրույց է ունեցել ոչ թե դեպի Դուբայ, այլ, իրականում, դեպի իր վախճանը գնացող Կարենի հետ: Նույն վկան Կարենի հետ նաև ունեցել է վերջին հեռախոսազրույցը՝ հիշյալ հանդիպումից մոտ մեկ ժամ անց…

Վկա Մանուկ Ս.-ն ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Գևորգ Զոհրաբյանին՝ նրան տեսել է Մալաթիայի քննչականում, երբ այս քրեական գործով հրավիրվել էր հարցաքննության:
Կարեն Վարդանյանին  վկան ճանաչել է 2001-2002 թվականներից. «Այնպես չէր, որ շատ մտերիմ ընկերներ էինք, մեր մեջ պարզ, անշահախնդիր հարաբերություններ էին…»:

Մանուկ Ս.-ն Կարեն Վարդանյանին հանդիպել էր նախ նրա բնակարանում՝ վերոհիշյալ հանդիպումից մի քանի օր առաջ: Նա Կարենին խնդրել է իրեն օգնել CV կազմելու հարցում՝ ինքն այդ հարցում «անբաշար է»:

Կարենը պատրաստակամորեն Մանուկին հրավիրել է իր տուն, կազմել է նրա ինքնակենսագրությունը: Հենց այդ ժամանակ էլ Կարենը Մանուկին ասել է, թե մոտ օրերս պատրաստվում է գործնական ուղևորության մեկնել Դուբայ: Մանուկը գիտեր, որ Կարենը ինչ-որ հաստատությունում է աշխատում, կոնկրետ՝ ի՞նչ հաստատություն, չի հարցրել Կարենին, բայց մտածել է, թե ուղևորությունը կապված է այդ հաստատության հետ:

Կարեն Վարդանյանը Մանուկին նույնիսկ հարցրել է՝ քեզ համար ի՞նչ բերեմ Դուբայից…

Վկան ասաց, որ այդ հանդիպման ժամանակ իրենք շատ հաճելի զրույց են ունեցել Կարենի բնակարանում, երաժշտություն են լսել, ազգային-հայրենասիրական երգեր են երգել նույնիսկ: Կարենը Մանուկին է նվիրել իր վերջին գրքույկը. «Մինչև հիմա մեր տանը պիտի որ լինի… Կարծեմ՝ ընտրությունների վերաբերյալ էր… »:

Վկան Կարեն Վարդանյանի մասին ասաց. «Մտածող էր, Մարդ, քաղաքացի… Կարենի մեջ տեսնում էի անկեղծություն, սրտացավություն, պատրաստակամ էր մարդկանց օգնելու հարցում, լավին լավ էր ասում, վատին՝ վատ… Երբ լսեցի նրա հետ կատարվածի մասին, անկեղծ ցավ ապրեցի… ատելությամբ լցվեցի նրանց նկատմամբ, ովքեր այդպես են վարվել այդ ազնիվ մարդու նկատմամբ…»:

Վկան ասաց, որ Դուբայ մեկնելու մասին Կարենը խոսել է, ասել է, որ ինքնաթիռով է մեկնելու, բայց որտեղի՞ց՝ կարծես թե չի ասել, չի ասել նաև՝ մենա՞կ է մեկնելու, թե՞ ինչ-որ մեկի հետ…

Մի քանի օր հետո Մանուկ Ս.-ն պայմանավորվել է Կարենի հետ հանդիպել Սասունցի Դավթի արձանի մոտ: Կարենը այնտեղ ճամպրուկով էր, նա ակնհայտորեն սպասում էր ինչ-որ մեկին՝ սպասողական վիճակում էր: Մանուկին ասել է, թե արդեն մեկնում է Դուբայ: Վկան հիշեց, որ Կարենին է տվել ֆլեշկան, նրա հետ անցել է փողոցը, ներողություն է խնդրել, որ շտապում է ու չի կարող նրա հետ կանգնել-սպասել, նստել է թիվ 46 ավտոբուսը ու հեռացել է: Դա վկայի վերջին հանդիպումն էր Կարեն Վարդանյանի հետ:

Մոտ մեկ ժամ անց Մանուկ Ս.-ն զանգել է Կարենի հեռախոսին, հարցրել է՝ եկա՞վ այն մարդը, ում նա սպասում էր: Կարենն ասել է՝ այո, այո, ես արդեն մեքենայի մեջ եմ: Վկան հիշեց. «Չէի ասի, թե Կարենը հրճվանքի մեջ էր, բայց խոսում էր նորմալ, սովորական ձայնով…»:

Դա էլ վկայի ու Կարեն Վարդանյանի վերջին հեռախոսային խոսակցությունն էր… Միգուցե՝ Կարեն Վարդանյանի վերջին հեռախոսազրույցն էր՝ մինչև հարձակման ենթարկվելը…

Օրեր անց վկային զանգել է Իոաննիսյան ազգանունով մի երիտասարդ, հետաքրքրվել է՝ ե՞րբ է վկան վերջին անգամ տեսել Կարեն Վարդանյանին, ասել է, որ Կարենի մասին տեղեկություններ չկան… Այնուհետև Մանուկ Ս.-ին հրավիրել են քննչական բաժին:

Վկան հիշեց նաև, որ Սասունցի Դավթի արձանի մոտ, երբ Կարեն Վարդանյանը կանգնած էր ճամպրուկով ու սպասում էր ինչ-որ մեկիին, հեռախոսազանգ ստացավ հենց այդ մարդուց և ասաց. «Պարոն Զոհրաբյա՞ն, որտե՞ղ ես…»: Վկան ասաց, թե Կարեն Վարդանյանը մարդկանց հետ «պարոն այսինչյան» ոճով խոսելու սովորություն ուներ՝ «կիսահումորային, մի քիչ իրոնիկ  ոճ ուներ՝ լավ իմաստով : Ես այդ ոճը նորմալ ու անմիջական էի համարում, նրա յուրահատուկ անձին համապատասխան էր…»:

Վկա Մանուկ Ս.-ն ասաց, որ Մալաթիայի քննչականում հարցաքննության էր կանչվել, երբ դեռ սպանությունը չէր բացահայտվել, Կարեն Վարդանյանը դեռ կորած էր համարվում: Քննչականում Մանուկը հանդիպել է Գևորգ Զոհրաբյանին, ում նույնպես հրավիրել էին հարցաքննության: Գևորգը խոսել է Մանուկի հետ, ասել է, որ Կարենի հարևանն է: Նա, ըստ Մանուկի,  սրտացավություն է հանդես բերել, ասել է, որ Կարենն իրեն շատ է օգնել, ինքը կուզի, որ շուտափույթ պարզվի, թե որտեղ է: Մանուկն ասել է, թե Կարենն իրեն ևս օգնել է, Աստված տա՝ վատ բան պատահած չլինի… Այնուամենայնիվ, այդ խոսակցության ընթացքում Մանուկը Գևորգ Զոհրաբյանի մեջ ինչ-որ անհանգիստ բան է զգացել… Սակայն չի պատկերացրել, որ որոշ ժամանակ անց Գևորգին լրատվամիջոցներով պիտի տեսնի՝  որպես Կարեն Վարդանյանի սպանության համար կասկածվողի…

Դատարանն ավարտեց այս դաժան սպանության գործով դատակոչված վերջին վկայի հարցաքննությունը:

Դատական հաջորդ նիստին դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում