Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժները անժամկետ դասադուլ են սկսել: Ուսուցիչներից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց պահանջներն են՝ դպրոցի հիմնանորոգում, տարրական դպրոցը անհապաղ տեղափոխել հարեւանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը»:
Թեև դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար, այս պահին դպրոց հաճախում է 600 աշակերտ: Պատճառն այն է, որ դպրոցը հիմնական դպրոց է դարձել, և հարևանությամբ գտնվող ավագ դպրոցի՝ Նորայր Սիսակյանի անվան դպրոցի սաները հաճախում են այս դպրոց:
Ուսուցիչները պահանջում են, որ գոնե Նորայր Սիսակյանի անվան դպրոցի մասնաշենքի մի մասը տրամադրեն, որպեսզի բեռնաթափեն դպրոցը:
Հիմնական դպրոցի հիմնանորոգման հարցը բարձրացվում է արդեն մի քանի տարի, և պատճառը ոչ թե պատերի ոչ հաճելի գույնն է կամ ոչ այնքան նոր պատուհանները, այլ դպրոց կոչվելու համար առաջնային, կենսական անհրաժեշտություն համարվող պայմաններից մեկի՝ դասասենյակների բացակայությունը: