Կովկասի ինստիտուտի ղեկավար, Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում դեռևս որևէ լուրջ փոփոխություն չի ակնկալում: Նրա դիտարկմամբ՝ թեպետ սահմանային լարվածությունը նվազել է՝ համեմատած նախորդ տարվա, այնուամենայնիվ այն կա, և դժվար է ասել՝ արդյոք նոր ռազմական գործողություններ չեն լինի:
«Ղարաբաղյան հակամարտությունն այն փուլում չէ, որ կարելի է ակնկալել որևէ լուրջ շարժ: Գիտենք, որ Մինսկի խումբը զբաղվում է ոչ թե հակամարտության լուծմամբ, այլ սահմանին բռնությունների զսպմամբ: Եվ մոնիտորինգների, հետաքննական, վերահսկման մեխանիզմների մասին խոսակցությունները միտված են հենց բռնությունների զսպմանը, ոչ թե հակամարտության կարգավորմանը»,-ասել է նա:
Խոսելով բանակցությունների ընթացքից՝ քաղաքագետը նշեց, որ այն պետք է պահպանել, քանի որ այդպես է անհրաժեշտ: «Ընդամենը պետք է ցույց տալ, որ կարգավորման գործընթացը շարունակվում է»,-ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը: